Ալերգիայի մասին

Ալերգիան (հուն.՝ ռեակցիա օտարի նկատմամբ) բարձր զգայունությունն է օրգանիզմում կամ շրջակա միջավայրում առկա յուրահատուկ նյութերի՝ ալերգենների հանդեպ: Վերջին 20 տարիների ընթացքում ալերգիայի տարածվածությունը ավելացել է երկու անգամ: Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ էկոլոգիայի վատթարացում, կենսակերպի և սննդի փոփոխություն, նոր ալերգենների ի հայտ գալը, սթրես, աշխատանքային պայմաններ և այլն:

Ալերգիան մեկ հիվանդություն չէ, այլ տարբեր հիվանդությունների խումբ է, որի հիմքում ընկած է ընդհանուր ախտաբանական գործընթաց:

Ալերգիկ ռեակցիայի առաջացման հիմքում գլխավոր դերը խաղում է մարդու իմունային համակարգը: Հենց իմունային համակարգն է պաշտպանում օրգանիզմը վտանգավոր և օտար մասնիկներից: Իմունային համակարգի գործունեության մեխանիզմը շատ բարդ է, դրա հիմքում ընկած է հակամարմինների արտադրությունը՝ մարդու կամ կենդանու արյան մեջ վնասակար մասնիկների չեզոքացման համար:

Ալերգիայի դեպքում օրգանիզմի պաշտպանը՝ իմունային համակարգը, խախտում է թույլատրված ինքնապաշտպանության ակնհայտ սահմանները: Իմունային համակարգը օրգանիզմի համար վտանգավոր է համարում ամենաանվտանգ նյութերը, և իմունիտետը սկսում է պաշտպանվել՝ սուր արձագանքելով ցանկացած նյութի:

Արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ իմունային համակարգի նման ագրեսիվ պատասխանն էլ (գերզգայունություն) կոչվում է ալերգիա:

Հակածինները, որոնք առաջացնում են օրգանիզմի նման ոչ ադեկվատ արձագանքը, կոչվում են ալերգեններ:

Ալերգիայի դրսևորումները

Ալերգիան դրսևորվում է տարբեր ձևերով, կախված թե ալերգիկ ռեակցիան մարդու որ օրգանին է առավել առնչվում: Երբեմն ալերգիկ ռեակցիաները կարող են համակցվել: Աչքի ալերգիկ խոցում՝ ալերգիկ կոնյուկտիվիտ: Քթի լորձաթաղանթի ալերգիկ խոցում՝ ալերգիկ մրսածություն (ռինիտ): Բրոնխների ալերգիկ խոցում՝ բրոնխիալ ասթմա: Մաշկի ալերգիկ խոցում՝ եղնջացան:

Ալերգիայի դեմ պայքար

Ալերգիայի դրսևորումներն առօրյայում կարող են լրջորեն խանգարել: Ալերգիա կասկածելու դեպքում կարևոր է շրջակա միջավայրի վերլուծումը. հնարավոր ալերգենները կամ գրգռիչները, ախտանիշների առաջացման ժամանակը և դրանց տևողականությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա ընտանեկան բժշկի կամ ալերգոլոգի հետ խորհրդակցելու համար: Ալերգիայի բուժման ամենաարդյունավետ տարբերակը կանխարգելումն է: Դա նշանակում է, որ պետք է իմանալ, թե ինչն է հանդիսանում ալերգեն և բացառել դրա հետ շփման հնարավորությունը: